տեքստ, որը ենթակայ էր չհրապարակման

առնուազն հնարաւորութիւնը, որ ունես տարածք արտայայտուելու՝ բաւական ոգեւորիչ ա։ ես կրկին միացնում եմ ժամացոյցը ու փորձում եմ գրել։ սա իրականում համալսարանից յուշ մնաց՝ նման առաջադրանք կար, երբ դասախօսը տալիս էր ժամանակ ու հնարաւորութիւն՝ ազատ արտայայտուելու։ անանուն էր լինում առաջադրանքը, բայց առնուազն գիտակցումը, երբ գիտես, թէ ով ա լինելու քո ընթերցողը՝ այդ դէպքում միակ, բաւական սահմանափակող ա։ հեշտ ա էս դէպքում, երբ արտայայտուում ես խմբագրիչի մէջ, երբ դեռ ունես հնարաւորութիւն որոշելու՝ հրապարակել, թէ ոչ։ ու երբ չգիտես, թէ ում ա հասնելու։ առհասարակ, համացանցը բաւական հեշտացրել ա ու տուել ա մեզ հնարաւորութիւն, որպէսզի ունենանք մեր ազատ տարածքը, առանց սահմանափակումների, ու պոտենցիալ թիրախային լսարանի, ու միեւնոյն ժամանակ՝ պահենք յոյսը, որ կը կարդացուենք։ երբ դու գրում ես օրինակ թղթէ օրագրում, կամ համարժէքօրէն՝ տեքստային խմբագրիչում, հնարաւորութիւնը, որ կը կարդացուես՝ ձգտում ա զրոյի, եթէ չմոռանաս օրագիրդ թաքցնել, կամ մոռանաս խոհանոցում։ միւս կողմից, ես զարմանում եմ ու գնահատում եմ համառութիւնը՝ գրելը շարունակելու, երբ քեզ համար հասանելի լինելն աւելի դժուար ա։ դժուար ա ինձ պատկերացնելը, անցեալ դարի գրողներին, երբ պէտք ա անցնես մի քանի փուլ, մինչեւ կը կարողանաս գրքի տեսքով ստանալ արտադրանքդ։ կամ, երբ պէտք ա ստանաս հաւանութիւն՝ տպուելու։ ու ես չգիտեմ, թէ այդ խոչընդոտներն ինչպէս են ազդել մարդու վրայ, ու ինչպէս ա փոխուել իր ստեղծագործութեան ձեւը, չափը, բովանդակութիւնը։ արդեօք դժուարութիւնը լաւացնում ա քեզ։ կամ, գուցէ փորձում ես կեղծուես, փոփոխուես, բայց փորձես պահպանել ու փոխանցել կարեւոր մտքերդ։

կամ, երբ դու հրապարակուում ես x թերթում, պարբերականում կամ հանդէսում, ապա ամէնայն հաւանականութեամբ ունես թիրախային լսարան։ հետեւաբար, կրկին պոտենցիալ ընթերցողի հնարաւորութիւն, ու կրկին միտքդ կաղապարուում ա իրենցով։ այլ ա բաց բլօգի դէպքում։ երբ քեզ հասանելիութիւն ունի մարդկանց աւելի լայն խումբ, ու տարբեր շերտերից։ փրկութիւն ա, որ դու չգիտես իրենց մասին ու չես ցանկանում որեւէ կերպ ազդակ ստանալ, որ այս պահին քեզնից դուրս քեզ կարդացող կայ։ նաեւ, ինձ մօտ չի խիզախութիւնը, որով մարդիկ կարողանում են դիմադրել քննադատութեանը։ անկախ ձեւից, երբ դու արտայայտուում ես, դու ցոյց ես տալիս հնարաւոր կէտերը, որով քեզ կարող են կպնել։ մեծ խիզախութիւն ա սա գիտակցելն ու արտայայտուելը։ խնդիրն աւելի ա բարդանում, երբ դու փոքր տարածքում կամ փոքր լսարանի առաջ ես բացուում։ տուեալ դէպքում, երբ քեզ կարդացող մարդկանց բանակն աւելի փոքր ա, նախ՝ լեզուովդ պայմանաւորուած։ եթէ դու լինես անգլախօս, ապա քեզ չհաւանողների մեծ խմբին զուգահեռ, այնուամենայնիւ կունենաս մարդկանց խումբ, որոնց դուրը կարող ես գալ, մեր դէպքում՝ քանակով պայմանաւորուած էդ հնարաւորութիւնները բաւական նուազում են։ գուցէ մինչեւ վերջ մնաս փակ ու չընկալուած, մինչեւ մի օր, մի հրաշքով, ապագայ ցանցային հնէաբանները կը պեղեն քեզ։