տեքստ, որը ենթակայ էր չհրապարակման

առնուազն հնարաւորութիւնը, որ ունես տարածք արտայայտուելու՝ բաւական ոգեւորիչ ա։ ես կրկին միացնում եմ ժամացոյցը ու փորձում եմ գրել։ սա իրականում համալսարանից յուշ մնաց՝ նման առաջադրանք կար, երբ դասախօսը տալիս էր ժամանակ ու հնարաւորութիւն՝ ազատ արտայայտուելու։ անանուն էր լինում առաջադրանքը, բայց առնուազն գիտակցումը, երբ գիտես, թէ ով ա լինելու քո ընթերցողը՝ այդ դէպքում միակ, բաւական սահմանափակող ա։ հեշտ ա էս դէպքում, երբ արտայայտուում ես խմբագրիչի մէջ, երբ դեռ ունես հնարաւորութիւն որոշելու՝ հրապարակել, թէ ոչ։ ու երբ չգիտես, թէ ում ա հասնելու։ առհասարակ, համացանցը բաւական հեշտացրել ա ու տուել ա մեզ հնարաւորութիւն, որպէսզի ունենանք մեր ազատ տարածքը, առանց սահմանափակումների, ու պոտենցիալ թիրախային լսարանի, ու միեւնոյն ժամանակ՝ պահենք յոյսը, որ կը կարդացուենք։ երբ դու գրում ես օրինակ թղթէ օրագրում, կամ համարժէքօրէն՝ տեքստային խմբագրիչում, հնարաւորութիւնը, որ կը կարդացուես՝ ձգտում ա զրոյի, եթէ չմոռանաս օրագիրդ թաքցնել, կամ մոռանաս խոհանոցում։ միւս կողմից, ես զարմանում եմ ու գնահատում եմ համառութիւնը՝ գրելը շարունակելու, երբ քեզ համար հասանելի լինելն աւելի դժուար ա։ դժուար ա ինձ պատկերացնելը, անցեալ դարի գրողներին, երբ պէտք ա անցնես մի քանի փուլ, մինչեւ կը կարողանաս գրքի տեսքով ստանալ արտադրանքդ։ կամ, երբ պէտք ա ստանաս հաւանութիւն՝ տպուելու։ ու ես չգիտեմ, թէ այդ խոչընդոտներն ինչպէս են ազդել մարդու վրայ, ու ինչպէս ա փոխուել իր ստեղծագործութեան ձեւը, չափը, բովանդակութիւնը։ արդեօք դժուարութիւնը լաւացնում ա քեզ։ կամ, գուցէ փորձում ես կեղծուես, փոփոխուես, բայց փորձես պահպանել ու փոխանցել կարեւոր մտքերդ։

ընթացքի եւ արդիւնքի մասին

վան գօգի մասին ֆիլմում մի տեսարան կայ, երբ նկարիչ ընկերը գօգին խորհուրդ ա տալիս, որ կտաւի վրայ դանդաղ աշխատի, նախագծի հանդարտօրէն։ իսկ գօգը հաւատում էր, որ նկարը պէտք ա արուի միանգամից, մի շարժումով։ ի պատասխան դրան, ընկերն ասաց, որ արագ աշխատելիս, ու անընդհատ կտաւի վրայ փոփոխութիւններ անելիս, աշխատանքն աւելի շուտ քանդակի ա նմանուում, քան կտաւի(քանի որ մակերեսը հարթ չի լինում)։ սա դեյքստրայի մի հարցազրոյց յիշեցրեց, որտեղ նա բերում ա բէթհովէնի ու մոցարտի օրինակը։ ասում ա, որ մոցարտը ստեղծագործելիս պատկերը միանգամից էր տեսնում, ապա աշխատում էր՝ գեղեցիկ եւ մաքուր, միանգամից։ իսկ բէթհովէնի մօտ հակառակն էր, նա ստեղծագործելիս անընդհատ փոփոխութիւններ ա արել, սոսնձել փոփոխութիւնները թղթի վրայ։