բայց ափսոս
Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել»,— եղավ առաջին միտքը։ Ամեն անգամ, երբ հընթացս մի հայացք էր ձգել անցյալին եւ շտապ վերադարձել առօրյային, տպավորվել էր, թե այնտեղ ամեն ինչ կարգին է։ Որ այնտեղ, հիշողության դարանում օրերի ընթացքը տպված է անկորուստ, եւ միայն ժամանակ է պետք՝ պատկերաշարքը մտովի շարժման մեջ դնելու համար։ Բայց ահա ժամանակ ունեցավ եւ տեսավ, որ կյանքը իր հետքերը մի ծայրից ջնջում է։
եկել է պահ, երբ կորցրել եմ ցաւի պատճառը, բայց ցաւի յիշողութիւնը շարունակւում է։ պայքարում եմ մի բանի դէմ, որն արդէն յաղթահարել եմ, իսկ յիշողութեան մէջ մնացած վիրաւորանքը դեռ ապրում է։ փորձում եմ լցնել սիրտս մարդկանցով, գործերով, բայց անվերջ ձգուող փոս է, որ կուլ է տալիս ամէն ջանք։
ես չէի կարող լինել այն սիրուած զաւակը, որով հպարտանում են։ ես չէի կարող լինել այս զոյգերից մեկը՝ նստած սրճարանում, ես չէի կարող լինել սիրող ծնողը, ես չէի կարող լինել հեշտօրէն զիջող յաջողակ մասնագէտը, եւ ոչ եթերներում սիրուած քաղաքական վերլուծաբան, եւ ոչ իմ տարիքի տղան, որ նուագում է անցումներում։ եւ ոչ մուրացկան։
փորձում եմ յիշել դետալներ, բայց կորցրել եմ պատկերի ամբողջականութիւնը։
միշտ կայ փոս իմ ու ձեր միջեւ։ երբ ես գտայ նրան, ով անցել էր այս ճանապարհը՝ արժանացայ արհամարհանքի։ գուցէ որովհետեւ ես փորձում էի քայլ անել, եւ բացատրել, թէ ինչ եմ ապրել, եւ որ կարիք ունեմ գետնից կանգնելու, ու առնուազն շտապ օգնութեան կանչի։
իսկ հիմա կայ աւելի մեծ փոս։
ափսոս էր երեխան։