ելքային
զրոյցներս մենախօսութեան հնարաւորութիւն են։ ես պարբերաբար նամակներ են ստանում, թէ ինչ վերջն եմ ու լաւը։ տարբեր մարդկանցից, նոյն բառերով՝ պարբերաբար։ կարող էի մտածել, որ պարզապէս միտքս ա վթարուել ու նոյն հաղորդագրութիւնը պարբերաբար մտքումս ա յայտնուում։ փորձում եմ յարմարուել խզուած կապերին, մտերմութեան բացակայութեանը, ապա յայտնուում են ու յիշեցնում, որ մեռած չեն, ու որ լաւ ա ամէնը, ու որ ինձ մօտ էլ լաւ կը լինի, քանի որ էլ ո՞նց, եթէ ոչ լաւ, էլ ո՞ւմ մօտ կարող ա լաւ լինել, եթէ ոչ իմ։ ու կորում են՝ անարձագանգ։
գնահատում
աւելի հետաքրքիր ա, թէ երբ ա կապը կտրւում, քան թէ՝ ինչու։ երեւի էականը ոչ թէ մօտ հետաքրքրութիւններն են, այլ հոգեվիճակը։ տարբեր հոգեվիճակում գտնուող մարդկանց միջեւ կապ հաստատելու համար պէտք ա բաւական խորը էմփաթիա ունենալ, ու գուցէ էմփաթիան պրոտոկոլն ա, որի միջոցով ապահովուում ա կապ տարբեր հարթութիւններում գտնուող մարդկանց միջեւ։ երեւի պարզապէս հասունութեան նշան ա ընդունելը, որ այն, ինչ քեզ համար կարեւոր ա, ու ինչի համար դու պայքարում ես՝ ուրիշների համար ի ծնէ ունեցած արտօնութիւն ա, որն ընտրելու պատասխանատուութիւնն ու անյարմարութիւնը չեն ունեցել, ու կը պայքարէի՞ն արդեօք։
յուսահատ
մտածում էի, թէ էլ ով կարող էր լինէր էնպիսին, ինչպիսին ես եմ՝ ինձնից դուրս։ ամէնամօտը հաւաքական կերպարն ա էն մարդկանց, որոնք հաւատում էին, որ կը լինի ինչ֊որ մեկը, որ կը վերծանի մէսիջը վոյաջէրի ներսում։
յոգնած, սպառող ու թռնող
ուղեղս ամէն տեսակ ինֆօ մերժում ա, ու սկսւում ա յոգնած լինելու շրջան։ սպառում եմ էն, ինչը վաղուց նորութիւն չի։ նոր մտքերի համար մեծ հաշուով փակուել եմ։ էս շրջանում աւելի մեծ ա ցանկութիւնը վերընթերցելու ու վերանայելու, քան նորի հետ առնչուելու։ երեւի պատճառն այն ա, որ ամէն նոր անկայունութիւն ա, կամ նոր մտքեր, որոնք կամ խճճելու են, կամ ստիպելու, որ էս շղթայից դուրս գամ։ բայց նման փուլերում հաճելի ա հէնց խորանալն ու գլուխ հանելը։
անապահովների կողմից անապահովների համար
երազանքներիդ մտքերիդ հետեւից գնալու խիզախութիւնն ունենալու կոչերն ապահովների համար են։ երազանքների հետեւից գնալը տանում ա դէպի անկայունութիւն, իսկ անկայունութիւնն ու անապահովութիւնը կեանքում քիչ հանդուրժելի են, հետեւաբար, արդէն իսկ անապահով կեանքով ապրողը քիչ հաւանական ա, որ կը գնայ դէպի նոր անկայունութիւն։ առհասարակ, երեւի էդ մտքերը՝ երազանքներին հետեւելու, խիզախ լինելու, տժալու ու կեանքը վայելելու մասին, ձախողելուց չվախենալու մասին՝ ձախողելուց յետոյ շանս ունեցողների մասին են։ ու էս գիտակցումն իրականում բաւական սփոփիչ ա, որովհետեւ, ինչքան մտածում եմ, ես չէ, որ պիտի հետեւեմ երազանքներիս, ես էդ լիազօրութիւնը չունեմ․ չունեմ ընտանիք, որը կաջակցի ինձ, եթէ երազանքիս զոհեմ ամէն ինչ, ապա կէսից հասկանամ, որ դա էն չէր, ինձ ինչ պէտք էր, չեմ կարող տժալ, քանի որ տժալուս ժամերին կարող էի աւել աշխատել, իմ մինիմալ ժամավճարի հաշուին, որով պիտի յարմար տուն ձեռք բերեմ։
գնացքի մասին
համաճարակի ու ինքնամեկուսացման օրերին զուգահեռ աւարտեցի ժորժ սիմենոնի «գնացքը»։ ես յոյս չունեմ, որ որեւէ դրամատիկ իրադարձութիւն, ողբերգութիւն կարող ա մեծ հաշուով ազդել մարդկանց գիտակցութեան վրայ ու օգնել, որպէսզի վերարժուեւորեն ու վերագնահատեն կեանքն ու ապրելակերպը։ առհասարակ, ինձ թուում ա, որ ընդհանուրին հասցուած վնասն անհատի վրայ ազդեցութիւն չի թողնում։ բայց էս մթնոլորտում ու իրավիճակում ամէնածանրը գիտակցումն ա, թէ որքան շատ ա մեր կեանքը կախուած արտաքին իրադարձութիւններից, ու նաեւ, գիտակցումը, որ ամէն մեկս մեր փուչիկում չենք ու մեր ամէն քայլից կախուած են նաեւ այլոք՝ տարբեր ժամանակներում տարբեր չափով, բայց մեկուսացում չկայ։
ծանր տարածքի մասին
մի միտք հանդիպեց, որ երբ փորձում են գաղափարներդ ռեալ իրավիճակում, ապա դա էն գիծն ա, որով որոշուում ա, դա քո հոբբի՞ն էր, թէ՞ գաղափարդ։ առհասարակ, շատ քիչ բան կայ, որ ճնշում ա ինձ՝ կապուած տեղիս հետ, բայց երբ մտածում եմ էդ ուղղութեամբ, ապա դա հիմնականում գաղափարների թերագնահատումն ա, կամ որպէս ոչ իրատեսական, անպիտան ռոմանտիկ մտքի արդիւնք դիտարկելը։ ու սա բաժանարար գիծ ա ինձ համար, քանի որ իմ որոշումները, մանր կենցաղայինից մինչեւ խորը հոգեբանական՝ հիմնուում են որեւէ գաղափարի վրայ։ ու իմ կեանքի որակը հիմնականում որոշուում ա՝ ելնելով տուեալ գաղափարից։ ես շատ բաներ կապում եմ քաղաքականութեան ու քաղաքական վիճակի հետ։ ու գուցէ մտքի ստորադասումն էլ դրա արդիւնքներից մեկն ա։ երբ դու երկար ժամանակ ապրել ես մի իրավիճակում, որտեղ գաղափարը երկրորդական ա եղել, ու առաջ ա մղուել տուեալ պահի տնտեսական շահը, ապա քեզ համար դժուար ա հասկանալ, որ շատ հարցեր իրենց խորքում արժէբանական են։ ու գալիս ա աւելի մեծ խնդիր, երբ քեզ համար իւրաքանչիւր հարց բախուում ա «մարդու էութիւնն ա» կեղծ բարոյագիտական, կեղծ֊փիլիսոփայական եզրայանգմանը պատին։ մինչդեռ, ո՞ր դէպքում ա, որ դու պատրաստ ես մնալ սոված, կամ ապրել ոչ բարենպաստ պայմաններում, բայց միեւնոյն ա չզիջես արժէքներդ ու չհեռուանաս քեզնից։ արդեօք ամէնը ստորադասուում ա տնտեսական շահերիդ։
տեքստ, որը ենթակայ էր չհրապարակման
առնուազն հնարաւորութիւնը, որ ունես տարածք արտայայտուելու՝ բաւական ոգեւորիչ ա։ ես կրկին միացնում եմ ժամացոյցը ու փորձում եմ գրել։ սա իրականում համալսարանից յուշ մնաց՝ նման առաջադրանք կար, երբ դասախօսը տալիս էր ժամանակ ու հնարաւորութիւն՝ ազատ արտայայտուելու։ անանուն էր լինում առաջադրանքը, բայց առնուազն գիտակցումը, երբ գիտես, թէ ով ա լինելու քո ընթերցողը՝ այդ դէպքում միակ, բաւական սահմանափակող ա։ հեշտ ա էս դէպքում, երբ արտայայտուում ես խմբագրիչի մէջ, երբ դեռ ունես հնարաւորութիւն որոշելու՝ հրապարակել, թէ ոչ։ ու երբ չգիտես, թէ ում ա հասնելու։ առհասարակ, համացանցը բաւական հեշտացրել ա ու տուել ա մեզ հնարաւորութիւն, որպէսզի ունենանք մեր ազատ տարածքը, առանց սահմանափակումների, ու պոտենցիալ թիրախային լսարանի, ու միեւնոյն ժամանակ՝ պահենք յոյսը, որ կը կարդացուենք։ երբ դու գրում ես օրինակ թղթէ օրագրում, կամ համարժէքօրէն՝ տեքստային խմբագրիչում, հնարաւորութիւնը, որ կը կարդացուես՝ ձգտում ա զրոյի, եթէ չմոռանաս օրագիրդ թաքցնել, կամ մոռանաս խոհանոցում։ միւս կողմից, ես զարմանում եմ ու գնահատում եմ համառութիւնը՝ գրելը շարունակելու, երբ քեզ համար հասանելի լինելն աւելի դժուար ա։ դժուար ա ինձ պատկերացնելը, անցեալ դարի գրողներին, երբ պէտք ա անցնես մի քանի փուլ, մինչեւ կը կարողանաս գրքի տեսքով ստանալ արտադրանքդ։ կամ, երբ պէտք ա ստանաս հաւանութիւն՝ տպուելու։ ու ես չգիտեմ, թէ այդ խոչընդոտներն ինչպէս են ազդել մարդու վրայ, ու ինչպէս ա փոխուել իր ստեղծագործութեան ձեւը, չափը, բովանդակութիւնը։ արդեօք դժուարութիւնը լաւացնում ա քեզ։ կամ, գուցէ փորձում ես կեղծուես, փոփոխուես, բայց փորձես պահպանել ու փոխանցել կարեւոր մտքերդ։
ընթացքի եւ արդիւնքի մասին
վան գօգի մասին ֆիլմում մի տեսարան կայ, երբ նկարիչ ընկերը գօգին խորհուրդ ա տալիս, որ կտաւի վրայ դանդաղ աշխատի, նախագծի հանդարտօրէն։ իսկ գօգը հաւատում էր, որ նկարը պէտք ա արուի միանգամից, մի շարժումով։ ի պատասխան դրան, ընկերն ասաց, որ արագ աշխատելիս, ու անընդհատ կտաւի վրայ փոփոխութիւններ անելիս, աշխատանքն աւելի շուտ քանդակի ա նմանուում, քան կտաւի(քանի որ մակերեսը հարթ չի լինում)։ սա դեյքստրայի մի հարցազրոյց յիշեցրեց, որտեղ նա բերում ա բէթհովէնի ու մոցարտի օրինակը։ ասում ա, որ մոցարտը ստեղծագործելիս պատկերը միանգամից էր տեսնում, ապա աշխատում էր՝ գեղեցիկ եւ մաքուր, միանգամից։ իսկ բէթհովէնի մօտ հակառակն էր, նա ստեղծագործելիս անընդհատ փոփոխութիւններ ա արել, սոսնձել փոփոխութիւնները թղթի վրայ։